ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կիսատ-պռատ, անհավես, ձևական կամ խոտան աշխատանք ենք անում

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կիսատ-պռատ, անհավես, ձևական կամ խոտան աշխատանք ենք անում
28.04.2013 | 21:30

Իմ կարծիքով՝ մեր ժամանակակիցներին ամենից շատ պակասում է սերն իրենց մասնագիտության հանդեպ: Շատերը նույնիսկ խիստ հարկադրված են կատարում իրենց պարտականությունները, չկամությամբ: Գլուխ են պահում, ժամանակ սպանում…Այդպես է ողջ սոցիալական սանդուղքը՝ վերևից ներքև:
Քաղաքական գործիչներն իրենց պաշտոններից միայն հնարավորին չափ նյութական օգուտ են ուզում քաղել, իբրև թե չգիտեն` նախկին պետական մեծ գործիչներն ի՜նչ բավականություն են ստացել իրենց «պետական» գործերը «հմտորեն» վարելուց, փորձում են տպավորություն ստեղծել, որ իրենք ուրիշ են, սուրբ են, պուպուշ են:
Փոխանակ պահելու իրենց արտադրանքի, մակնիշի պատիվը, արդյունաբերողներն աշխատում են հնարավորին չափ շատ փող վաստակել` կեղծելով իրենց արտադրանքը, խաբել, բանվորներն իրենց տերերի հանդեպ քիչ թե շատ օրինական թշնամանքով լցվելով`հիմնականում կիսատ- պռատ, անհավես, ձևական կամ խոտան աշխատանք են անում: Այսօր մարդկանց մեծ մասը իր աշխատանքին, գործին նայում է իբրև մի տհաճ պարտականության, մի տհաճ անհրաժեշտության, որպես անիծյալ տաժանակիր աշխատանքի, այնինչ այն պետք է դիտվեր իբրև գոյության և երջանկության իմաստ:
Մինչդեռ որքա՜ն երջանիկ կլինի մարդկությունը, եթե աշխատանքը գոյությունը մի կերպ պահպանելու փոխարեն դառնա ստեղծելու, արարելու հաճելի զբաղմունք: Որպեսզի այս հրաշալի փոփոխությունը տեղի ունենա, երևի թե պետք է, որպեսզի բոլոր մարդիկ հետևեն արվեստագետների օրինակին:
Պատկերացնո՞ւմ եք՝ հրաշք կատարվի, և յուրաքանչյուրն իր աշխատավայրում «արվեստագետ» դառնա, քանի որ լինել արվեստագետ բառի ամենալայն իմաստով, նշանակում է ստեղծագործել, աշխատել և հաճույք ստանալ կատարածից:
Պատկերացնո՞ւմ եք, որ այդպիսի արվեստագետներ հայտնվեին արհեստի, մյուս մասնագիտությունների բնագավառում: Օրինակ, ատաղձագործ արվեստագետներ, որ երջանիկ լինեին շաղափն ու աքցանը հմտորեն օգտագործելով, որմնադիր, ներկարար արվեստագետներ, որ մեծ սիրով պատ շարեին, գաջ քսեին: Հրուշակագործ, դերձակ, վարորդ, մանկավարժ, այլ մասնագետներ` այս ամենը մի հրաշալի հասարակություն կստեղծեր, այնպես չէ՞:
Է՜, ցավոք, հասարակությունը նախ ինքը պետք է նման հրաշալի պայմաններ ստեղծի, չէ՞:

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ